ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ
13.01.2012 at 9:34 pm Leave a comment
Զինվորի հայացքում խաղաղություն էր, սեր ու ծովի ջրի պարզության պես կարոտ: Նրա ձեռքին գրիչ էր, դիմացը` պատռված ու ծխախոտի մոխրից այրված մի փոքր թուղթ:
Նրա դողացող ձեռքերը կարծես ուզում էին գրել մտքին եկած ամեն ինչ, սակայն ինչ-որ բան խանգարում էր:
Զգում էր, որ պատերից այն կողմ աշխարհը սպասում է իրեն…
Հիշեց սիրած աղջկա` սիրով լի աչքերը, հրաժեշտի վերջին վայրկյաններն ու հանդիպման միակ վայրը` արևի կաթիլներով ողողված պուրակը …
Հիշեց շշուկով ասված առաջին սիրո խոստովանությունը…
Լսելով հոգու մեղմագին երգը` հուզմունքով նայեց գետնին, կռանալով հավաքեց աշնան վերջին տերևներն ու նվիրեց աղջկան:
Երկուսն էլ թույլ ժպտացին …
Տղայի հայացքում այրվել էր սերը, իսկ մտքում ` խաղաղությունը:
Նրանք վախենում էին, որ իրենց ` սիրով օծված նոր հեքիաթը շուտով կավարտվի…
Իրականության ստվերներն ու տագնապները հետապնդում էին նրան ու փշրում բոլոր երազներն ու ցանկությունները …
… Շպրտելով գրիչը` կանգնեց, մոտեցավ դռանը, բացեց այն և հստակ քայլերով դուրս եկավ:
Այդ օրը տարբերվեց մյուսներից:
Երկար նստեց գետակի ափին, աղոթեց և դանդաղ քայլերով վերադարձավ իր փայտե տնակը (դա լքված տնակ էր):
Նա եկավ նստեց կիսակոտրված աթոռակին, վերցրեց գետնից գրիչն ու սկսեց նկարել իր հին տունն ու բակի ծաղկած բալենին:
Հիմա այլևս չկա այդ տունը, չկա բալենին…
Կարոտով լի հայացքով նայեց նկարին, ինչ-որ բան գրեց ու ծալելով այն` դրեց ծոցագրպանը:
Կրակոցները նրան իրականություն վերադարձրին:
Մեռնող օրվա հետ մարմրում էին հիշողություններն ու երազները:
Տղան հաստատուն քայլերով դուրս եկավ տնակից և գնաց այս անգամ խրամատ` ընկերների մոտ:
Օրն ավարտվեց կրակոցով…
Թշնամու անսպասելի հարվածից երկինքն արտասվեց …
Իսկ այն տնակում` սեղանին, ընկերները գտան նրա վերջին նամակը. ” Ես հավատում եմ քեզ, զինվո’ր… Դու կկարողանաս հաղթել թշնամուն, որովհետև դու սերում ես դյուցազուն Հայկից: Դու նրա նման քաջ ես ու հսկա… ես վստահում եմ քեզ մեր հայրենիքը: “
Նա համոզված էր, որ իր ընկերները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները, և այդպես էլ եղավ:
Անցել է 20 տարի :
Մենք բարձրանում ենք բլուրն ի վեր, որտեղ տնակն էր:
Քայլում ենք ու պատռում մշուշե պատը:
Շուրջը լռություն է, իսկ մեր ձեռքերում փողփողում է սրբացած եռագույնը:
Մուշեղ Հովսեփյան
Entry filed under: Հասարակություն. Tags: աշուն, բալենի, եռագույն, զինվոր, խրամատ, կրակոց, հավերժություն, սահման, սեր.




Trackback this post | Subscribe to the comments via RSS Feed